Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը ԱՄՆ-ի ու ՌԴ-ի պայմանավորվածության և ճնշումների հետևանք է»

«Հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը ԱՄՆ-ի ու ՌԴ-ի պայմանավորվածության և ճնշումների հետևանք է»
16.01.2009 | 00:00

«ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ԻՍՐԱՅԵԼԸ, ԻՐՈՔ, ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ ԵՆ»
Իսրայելի և Պաղեստինի Ինքնավարության Գազայի հատվածը վերահսկող ՀԱՄԱՍ խմբավորման միջև ռազմական բախումները յուրահատուկ փորձաքար էին Մերձավոր և Միջին Արևելքի տարածաշրջանի երկրների համար։ Տարածաշրջանային երկրներից, թերևս, միայն Թուրքիան հրեական պետության հետ սկսեց խոսել բացահայտ սպառնալիքների լեզվով։ Ո՞րն է պատճառը, որ մշտապես դիվանագետ, հաշվենկատ ու զգուշավոր մեր հարևանի նյարդերը տեղի տվեցին։ Այս հարցով սկսվեց հարցազրույցը թուրքագետ ԱՐՏԱԿ ՇԱՔԱՐՅԱՆԻ հետ։

-Թուրքիայի արտաքին քաղաքականությունը մեծապես պայմանավորված է ներքին քաղաքականությամբ,- նշում է թուրքագետը։- Մենք պետք է հիշենք, որ Թուրքիայում ներկայումս իշխում է իսլամիստական կուսակցությունը, և այն փորձում է արաբական աշխարհում իր վարկը բարձր պահելով՝ նաև ազդել երկրի ներսում։ Հիշենք, որ թուրք ընտրողները ևս մահմեդական են։ Այսինքն՝ մահմեդականները, տեսնելով, որ այս կուսակցությունն աջակցում է արաբ մահմեդական եղբայրներին, պարզ է, որ հաջորդ ընտրություններում կաջակցեն հենց «Արդարություն և զարգացում» կուսակցությանը։ Հիմնական հաշվարկը դա էր՝ աշխատել ներքին իսլամիստական մղումների վրա։ Բացի այդ, Թուրքիան զգում էր, որ դեպի Եվրամիություն իր ուղին շատ հեռու է և փորձում է կամաց-կամաց թեքվել դեպի Մերձավոր Արևելք։ Իսկ Մերձավոր Արևելքում առաջնորդ լինելու համար նրան պետք է միանշանակ արաբական աշխարհի և Իրանի աջակցությունը։ Փաստորեն, քննադատելով Իսրայելին, Թուրքիան միանգամից շահում է արաբական աշխարհի և Իրանի համակրանքը։
-Թուրքիայի այդ դիվանագիտական քայլը որքանո՞վ կարդարացնի իրեն։
-Ըստ էության, դա արտաքին շոու է, որովհետև, ամեն դեպքում, երբ ժամանակին Թուրքիան քննադատում էր Իսրայելին, իրականում հենց նույն օրերին նույն Թուրքիայի տարածքում Իսրայելի օդուժը ռազմական մանևրներ էր անում, բանակցություններ էին ընթանում Իսրայելին ջուր վաճառելու վերաբերյալ։ Այսինքն՝ գոյություն ունի երկու շերտ. մեկը՝ ամբողջ աշխարհի համար (ընդ որում, Իսրայելի հետ նախապես պայմանավորվելով իրենց հայտարարությունների շուրջ) և ներքին շերտ՝ բուն ռազմավարական համագործակցությունը։ Իսկ Թուրքիան և Իսրայելը, իրոք, ռազմավարական գործընկերներ են, որովհետև Մերձավոր Արևելքում նրանց կապող մի մեծ բան կա. տարածաշրջանում երկուսն են, որ արաբ չեն։ Այսինքն՝ Իսրայելի միակ գործընկերը Մերձավոր Արևելքում Թուրքիան է, և Թուրքիան ինչպիսի հայտարարություն էլ անի, Իսրայելին միշտ ձեռնտու է նրա հետ համագործակցելը։ Հիշենք նաև, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները թե՛ Թուրքիայի, թե՛ Իսրայելի ռազմավարական գործընկերն է։ Ասել է թե՝ այս երկու երկրներն ունեն նաև ընդհանուր կապող օղակ։
-Այսօր Թուրքիայի ներքին անկայունությունը, զանգվածային հուզումները, «Էրգենեքոնի» անդամների ձերբակալություններն արդյոք չե՞ն հանգեցնի քաղաքական ճգնաժամի։
-Տասը տարին մեկ Թուրքիայում ակտիվանում են հակապետական շարժումները. ռազմական, թավշյա կամ իրական հեղաշրջումներ են տեղի ունենում, և արդեն վաղուց նման բան չկար Թուրքիայում։ Իրականում, կարծում եմ, Աբդուլլահ Գյուլը և Էրդողանը պարզապես քաղաքական վրեժ են լուծում զինվորականությունից, որը մշտապես արգելակել է նրանց աճը։ Ահաբեկչական կազմակերպություններ Թուրքիայում միշտ էլ եղել են, պարզապես ժամանակ առ ժամանակ նրանց ինքնավարությունը մեծանում է, և սկսում են աշխատել պետության դեմ։ Նրանց ձեռքն ընկնում են զենք, կռվող տղաներ, գրոհայիններ, կարծում են, որ իրենք անկախ են և սկսում են ինքնուրույն գործունեություն ծավալել, ինչը կառավարությունը փորձում է հանդարտեցնել։ Եթե հիշենք` նույն «Էրգենեքոնը» կամ նրա նախատիպը ստեղծվել էր ԱՍԱԼԱ-ի դեմ պայքարելու համար։ Այնուհետև այն վերափոխվեց՝ պայքարելով քրդերի դեմ։ Եվ քանի որ այսօր հստակ թշնամի չկա, որի դեմ կարելի է պայքարել (ԱՍԱԼԱ-ն գոյություն չունի, ՔԲԿ-ն շատ թույլ վիճակում է), այդ պատճառով զենքերը ստիպված ուղղվում են դեպի ներս՝ դեպի իսլամիստները, որոնք այսօր իշխանության ղեկին են։ Այդ է պատճառը, որ ներքին առճակատում է տեղի ունենում։
-Բանակի կողմից ռազմական հեղաշրջման վտանգ Թուրքիայում չե՞ք տեսնում։
-Եվրամիությանն անդամագրվելու ընթացքը թույլ չի տալիս զինվորականներին, որպեսզի նրանք կարողանան շատ հեշտությամբ, ինչպես նախկինում, ռազմական հեղաշրջում անել, որովհետև Թուրքիայի թե՛ սահմանադրությունը, թե՛ ընդհանուր իշխանական աստիճանակարգությունը բավականին փոխվել են։ Սակայն, իրոք, սաստելու, ուժ ցույց տալու առումով իշխանությունները դեռ աշխատում են։ Օրինակ, «Էրգենեքոնի» գեներալները ձերբակալվել են Եվրոպայում և ԱՄՆ-ում սպանություններ ծրագրելու մեղադրանքով։ Մի քանի այդպիսի սպանությունից հետո Թուրքիայի վարկանիշը Եվրոպայում կտրուկ ընկնելու էր։ Այսինքն՝ «Էրգենեքոնի» անդամների ձերբակալությունների նպատակը մեկն էր՝ զինվորականությանն իշխանությունից հետ պահել։
-Իսկ հարևան երկրում տեղի ունեցող այս ամենն ինչպե՞ս կանդրադառնա մեզ վրա։
-Ընդհանուր առմամբ, «Էրգենեքոնի» անդամների ձերբակալությունները, մի կողմից, դրականորեն են անդրադառնում, որովհետև ձերբակալվում են այն մարդիկ, ովքեր ծրագրում էին հայկական համայնքի ղեկավարներից մեկին սպանել։ Մյուս կողմից, հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը ո՛չ Թուրքիայի, ո՛չ էլ Հայաստանի, այլ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի պայմանավորվածության և ճնշումների հետևանք է։ Այսինքն՝ հայ-թուրքական բանակցություններն ընթանալու են, և, ըստ իս, հետագայում ավելի շատ փոխադարձ այցեր ու շփումներ են լինելու։ Իսկ քանի որ առաջիկայում Թուրքիայում չեն սպասվում ո՛չ խորհրդարանական, ո՛չ էլ նախագահական ընտրություններ, ապա ազգայնականությունը, որքան էլ վերելք ապրի, էական ազդեցություն չի ունենա երկրի արտաքին քաղաքականության վրա։
-Վերջին ամիսներին Թուրքիան հանդես էր եկել կովկասյան անվտանգության և կայունության պլատֆորմ ստեղծելու նախաձեռնությամբ։ Այս իրավիճակում Թուրքիան կարո՞ղ է շարունակել հավակնել այդ դերին։
-Թուրքիայի հավակնությունները միշտ էլ բարձր են, այնպես որ՝ կշարունակի հավակնել, պարզապես, կարծում եմ, ներքին խժդժությունները, հատկապես իսրայելա-պաղեստինյան հարցը, մի փոքր կհետաձգեն դա։ Սակայն հենց հանդարտվեն նշված խնդիրները, Թուրքիան կվերհիշի իր այդ ծրագիրը։
-Շատ է խոսվում, թե իսրայելա-թուրքական հակամարտության պատճառով հնարավոր է՝ Իսրայելը ճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Նման հեռանկար կանխատեսո՞ւմ եք։
-Երբ Թուրքիան հայտարարեց, թե Իսրայելը Գազայի հատվածում ցեղասպանություն է գործում, Իսրայելի արտգործնախարարն անմիջապես հակադարձեց, որ, ի պատասխան, իրենք կարող են ընդունել Հայոց ցեղասպանությունը։ Սակայն, ըստ էության, Իսրայելը կարճաժամկետ քայլի համար նման ռազմավարական որոշում չի ընդունի, որովհետև հրեական պետությունը հստակորեն չի ընդունում հայերի ցեղասպանության փաստը և պնդում է, որ հրեաների ցեղասպանությունն աննախադեպ է ու միակը։ Եվ արտգործնախարարի այս արտահայտությունը կարելի է որակել ընդամենը որպես սպառնալիք Թուրքիայի հասցեին։ Ի վերջո, եկեք ընդունենք, որ եթե Իսրայելը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, այդ խաղաքարտն աշխատեցրած կլինի և այլևս Թուրքիային սպառնալու բան չի ունենա։
-Չե՞ք կարծում, որ միջազգային հանրությունը (հատկապես Միացյալ Նահանգները) Իսրայելին Գազայի հատվածում գործողությունների քարտ-բլանշ է տվել։
-Իհարկե։ Իսրայելը շատ լավ ժամանակ է ընտրել, քանի որ այդ հարցում որոշում կայացնողը Միացյալ Նահանգներն է. Բուշն արդեն հեռացող քաղաքական գործիչ է, կարևոր որոշում չի կարող ընդունել, Օբաման դեռ չի ստանձնել նախագահի պարտականությունները։ Երևի թե Իսրայելին հստակորեն ասել են՝ քանի դեռ մենք գործունակ չենք, ինչ ուզում ես` հասցրու անել։ Հենց ԱՄՆ-ը դառնա գործունակ, Իսրայելը կդադարեցնի իր ռազմական գործողությունները, Օբաման կգա, և միանգամից բարեկամություն, խաղաղություն կհաստատվի՝ այդպիսով նպաստելով ԱՄՆ-ի նորընտիր նախագահի վարկանիշի աճին։
Հարցազրույցը վարեց Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 3125

Մեկնաբանություններ